ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են

ՀՀ գլխավոր դատախազությունը
Դատախազությունը հայտնում է, որ երկու ադրբեջանցիների նկատմամբ էլ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ սահմանն ապօրինաբար հատելու և հրազեն, ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Մասնավորապես, նշվում է, որ որոշում է կայացվել Ադրբեջանի քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի և Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պետական սահմանն ապօրինի հատելու) և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրազենի մաքսանենգությունը): Երկու ադրբեջանցիներին էլ մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածներով։
Ախունդովի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել նաև քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով` հրազենի ապօրինի շրջանառության համար։
Դատախազությունը հայտնում է, որ նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Ապրիլի 13-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Նա կասկածվում է ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության մեջ։