ՀՀ իշխանությունները սիրիահայերի հայրենադարձության երկարաժամկետ ծրագիր են մշակում. Սինանյան

Զարեհ Սինանյան. Արխիվային լուսանկար
Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը իշխանություններին դրդել է աշխատել բազմաստիճան նախագծի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանությունները սիրիահայերի հայրենադարձության երկարաժամկետ ծրագիր են մշակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով՝ Սիրիայում և Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ինչ-որ առումով խթանեց այս բազմաստիճան նախագծի վրա աշխատանքը:
«Նպատակն այն է, որ ոչ թե մեկ-երկու հոգի գան, այլ որ եկողները մնան, իսկ նրանց օրինակին ավելի մեծ վստահությամբ հետևեն մյուսները»,-ասաց Սինանյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում, մասնավորապես, գրասենյակում վերլուծում են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստան տեղափոխվելուն, նույնիսկ եթե այդպիսի ցանկություն կա:
«Մենք առկա բացերն ենք փակում»,-նշեց պաշտոնյան։
Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո ոմանք արդեն տեղափոխվել են պատմական հայրենիք, սակայն նրանց թվի մասին հստակ տվյալներ դեռևս չկան: Բացի այդ, Սինանյանը հավելեց, որ առայժմ դժվար է որոշել, թե ազգությամբ հայ ժամանածներից ովքեր ինչ պատճառով են եկել և արդյոք պատրաստվում են մշտական բնակություն հաստատել:
Երկրաշարժերից հետո 200–ից ավելի սիրիահայեր ցանկանում են հայրենիք վերադառնալ. Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև հայտարարեց հայրենադարձների ինտեգրման կենտրոնի մոտալուտ բացման մասին՝ հույս հայտնելով, որ այն մոնիթորինգի ևս մեկ գործիք կդառնա:
Ինչ վերաբերում է աջակցության գործիքներին, ապա խոսքը գործնական ոլորտի մասին է, մասնավորապես՝ աշխատատեղերի ապահովման։
«Այս պահին մի քանի հարյուր աշխատատեղ ունենք՝ բարձր աշխատավարձով, դրանք ցանկանում ենք լրացնել նաև հայրենադարձների օգնությամբ»,-ասաց Սինանյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրից Հայաստան տեղափոխվածներ չկան։ Այնուամենայնիվ, մի քանի հայ նման ցանկություն են հայտնել, և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է աշխատել նրանց հետ:
«Այսպես ասեմ՝ խնդիրը մեր կողմից չէ, մեր ոլորտը չէ»,- ընդգծեց նա:
Մարտի կեսերին Սինանյանը հայտարարել էր, որ Սիրիայում բնակվող ավելի քան 200 էթնիկ հայեր ցանկանում են տեղափոխվել ՀՀ։
Նշենք, որ հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման մասին Սինանյանը հայտարարել էր դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։