Հաստատում եմ մեր պատրաստակամությունն աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Փաշինյանը` Ասադին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ: Փաշինյանը նման համոզմունք է հայտնել Սիրիայի ազգային տոնի առթիվ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հղած իր շնորհավորական ուղերձում, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
ՀՀ վարչապետը հաստատել է ՀՀ պատրաստակամությունը` Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին:
Փաշինյանը նշել է, որ դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ–սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ, երկրաշարժի զոհ է դարձել 48 000–ից ավել մարդ։
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։