ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները։
Անդրադարձ է արվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներին։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ 4 փաստաթուղթ է ներկայացրել, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի շուտով: