ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. G7-ի երկրները ռուսական նավթի գների առաստաղը կթողնեն ներկայիս մակարդակում՝ 60 դոլար։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կոալիցիայի անանուն պաշտոնական ներկայացուցչին:
«Մեծ յոթնյակի» երկրների կոալիցիան ծովով փոխադրվող ռուսական նավթի գների առաստաղը կպահպանի մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում՝ չնայած նավթի համաշխարհային գների աճին և որոշ երկրների՝ ցուցանիշը նվազեցնելու կոչերին», - նշված է հաղորդագրության մեջ:
Նավթի արժեքը վերջին չորս շաբաթվա ընթացքում աճ է գրանցել, այդ ընթացքում Brent-ը թանկացել է մոտ 18 տոկոսով, WTI-ն՝ 23 տոկոսով:
Աղբյուրի խոսքով՝ երկրները եկել են այն եզրակացության, որ ռուսական նավթի գների առաստաղը նպաստում է ՌԴ եկամուտների սահմանափակմանը, ինչպես նաև էներգետիկ շուկայի կայունության պահպանմանը:
Միևնույն ժամանակ, կոալիցիայի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համակարգել իրենց գործողությունները՝ արդյունավետ մոնիթորինգ և իրավակիրառում ապահովելու համար:
Հիշեցնենք` Արևմուտքի նավթային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ են մտել 2022 թվականի դեկտեմբերի 5-ից. Եվրամիությունը դադարել է ընդունել ռուսական նավթը, որը տեղափոխվում է ծովով, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան ու ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ գների սահմանափակում են մտցրել բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում. ավելի թանկ նավթ տեղափոխելն ու ապահովագրելն արգելված է։ Ռուսաստանն ի պատասխան այս որոշման փետրվարի 1-ից արգելել է նավթ մատակարարել օտարերկրյա անձանց, եթե պայմանագրերը սահմանային գնի ամրագրման մեխանիզմի կիրառում են նախատեսում ուղիղ կամ անուղղակի կերպով: