ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։
Նա մեդալների համար պայքարի դուրս եկավ 67 կգ քաշային կարգում։
Գոռ Սահակյան
© Sputnik / Asatur Yesayants
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանի նախնական պատվերը 140 կգ էր։ Ընդ որում` ըստ նախնական պատվերների` պարզ էր, որ հայ ծանրորդի հիմնական մրցակիցներն էին լինելու թուրք մարզիկներ Մասն Կահրիմանն ու Ֆերդի Հարդալը և իսպանացի Խուան Հեռնանդեսը։
Հայ մարզիկը առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց պատվիրված քաշը, իսկ երկրորդ մոտեցումով բարձրացրեց 145 կգ և այդ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։
Երրորդ մոտեցման համար Սահակյանը պատվիրեց 147 կգ, բարձրացնելու դեպքում նա կսահմաներ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ, բայց փորձը, ցավոք, անհաջող էր։
Գոռ Սահակյան
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են տասը մարզիկներ՝ Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Կանանց հավաքականում ընդգրկվել են Իզաբելլա Յայլյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը, Էմմա Պողոսյանը (76 կգ), Աննա Ամրոյանը, Լիանա Գյուրջյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը, Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։