Հարկային մենթալիտետի փոփոխության հիմնական պատասխանատուն կառավարությունն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը։
«Հայաստանում հարկային բեռը գնահատվում է 24-25 տոկոսի մակարդակում, ինչը գրեթե կրկնակի ցածր է եվրոպական երկրների հարկային բեռի ցուցանիշից։ Բայց եվրոպական երկրներում մարդիկ մեծ սիրով կատարում են իրենց հարկային պարտավորությունները մի պարզ պատճառով, որովհետև վստահ են, որ այդ պարտավորությունը կատարում են բոլորը»,– ասաց մեր զրուցակիցը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` Հայաստանում շուրջ 20 տոկոս ստվերային տնտեսություն կա, ինչը ենթադրում է, որ մոտավորապես այդ ծավալի հարկատուներ չեն կատարում իրենց պարտավորությունները կամ առնվազն մյուսներին հավասար չեն կատարում։
«Եվ հենց այստեղից մարդկանց մոտ բխում է այդ անարդարության զգացումը, և հարց է առաջանում`եթե մյուսը չի վճարում, ինչո՞ւ պետք է ես վճարեմ»,– նկատում է տնտեսագետը։
Բեջանյանի վկայակոչած երկրորդ պատճառը հանրության անվստահությունն է պետության կատարած ծախսերի արդյունավետության նկատմամբ։
«Եթե դու վստահ ես, որ քո վճարած հարկերն իրապես օգտագործվում են ի բարօրություն քո երկրի, հօգուտ բանակի, անվտանգության ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և այլն, ապա դու մեծ սիրով ես վճարում, բայց եթե քեզ մոտ առաջանում են ինչ-որ հարցադրումներ`թե արդյոք դրանք օգտագործվում են նպատակային, արդյոք արդյունավետ են, արդյոք ճիշտ են վերաբաշխվում, կասկածում ես` վճարես, թե ոչ։ Ու որքան այս հարցերը շատ են, այնքան մարդիկ ավելի դժվարությամբ են կատարում իրենց հարկային պարտավորությունները»,– ասում է մեր զրուցակիցը։
Հայկ Բեջանյանը վստահ է` երբ քաղաքացին համոզվի, որ այս երկու հիմնական խնդիրները չկան, պատրաստ է նույնիսկ ավելի շատ հարկ վճարել։
Հիշեցնենք` ապրիլի 16-17-ը վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության համար հայեցակարգային խնդիր է հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումը։
«Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները մեծ հաշվով հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարևոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը և սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ»,– ասել էր Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, այդ ժամանակ կընդունի հարկային նոր մտածողությունը։