Երևանը կարևորում է պայմանագրով ՀՀ-ի` 29,8 հազար քկմ տարածքի անվտանգության ձևավորումը

Հայկական ու ադրբեջանական դիրքեր. Արխիվային լուսանկար
ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման վերաբերյալ զեկույցում մանրամասներ են ներկայացվել հայ–ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ անվտանգության երաշխիքների մասին ՀՀ կառավարության տեսլականի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: Այս մասին գրված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում, որն ընդգրկված է վաղվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։
Կատարողականում նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի 3 շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023-ի փետրվարի 14-ին:

«ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քկմ տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը»,-ասված է զեկույցում:

2022-ի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը. Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ:
Բացի այդ, նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով:
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս ունենք. Մատվիենկո
Միաժամանակ, ասվում է, որ 2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի 3 քարտեզ:
Հիշեցնենք, որ ըստ ԿԽՄԿ տվյալների` 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։