«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի

«Երևան ալրաղացի» փլուզված բունկերը
Քանդման թույլատվության ժամկետը լրացել էր, բայց ընկերությունում շարունակում էին աշխատանքներ իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։
Նա նշեց, որ Նար– Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն Երևան համյանքի կողմից 2022թ.–ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։
«Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատնքներրը շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում»,– ասաց նա։
Ժամկետները խախտելու համար հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։