ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է Աստանայում ընթացող շախմատի համաշխարհային թագի մրցաշարին։
Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և չինացի Դին Լիժենը 6 պարտիա են անցկացրել։ Արդյունքում հաշիվը դեռ հավասար է՝ 3:3: Գրոսմայստերները 2-ական հաղթանակ են տարել: Եվս երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի:
«Հուսով եմ, որ շախմատի աշխարհի այս առաջնության ինտենսիվությունն ու գեղեցկությունը մարդկանց կհիշեցնեն, որ դասական շախմատը հաճախ շատ ավելի դիտարժան և հուզիչ է, քան կայծակնային կամ արագ շախմատը: Շախմատային բումը` դասական շախմատի իրադարձությունների բացակայությամբ, իմաստ չունի»,– Twitter–ում գրել է Արոնյանը:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրո: Հաղթողը կստանա մրցանակային ֆոնդի 60% - ը, այսինքն՝ 1,2 մլն եվրո, իսկ պարտվողը՝ 40% - ը (800 հազար եվրո): Փլեյ-օֆֆի դեպքում չեմպիոնին բաժին կհասնի 55%-ը՝ 1,1 մլն եվրո, պարտվողին՝ 45% -ը՝ 900 հազար եվրո:
Առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին։
Հիշեցնենք՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի այն հայտարարությունից հետո, որ չի պաշտպանի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, շախմատային թագին հավակնում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու հավակնորդների մրցաշարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած չինացի գրոսմայստեր Դին Լիժենը։