ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի ավազի լվացման կետերում կասեցվել է ապօրինի ջրառը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցներն ուսումնասիրել են Արաքս համայնքում գործող «Լիլի-Արման» և «Հասինէդ» ՍՊԸ-ներին պատկանող ավազի լվացման կետերի աշխատանքն ու խախտումներ արձանագրել։
««Լիլի-Արման» ՍՊԸ-ն ջրառ է կատարել տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երկրորդ ընկերությունը` «Հասինէդ» ՍՊԸ-ն, շահագործել է ապօրինի ստորերկրյա խորքային 1 հոր` կրկին չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։
Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է բոլոր ապօրինի խորքային հորերի շահագործումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հայաստանի բնապահպանական տեսչությունը բացահայտել էր ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը: Տեսուչները ստուգումների շրջանակում Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մոտ ապօրինի ավազահանք էին հայտնաբերել: Փետրվարի 28-ին տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ կասեցվել է ավազի արդյունահանումը անմիջապես Արաքս գետի հունից։ Ապրիլի 3-ին տեսչությունը հայտարարել էր Արաքսին հարող Ռանչպար գյուղի տարածքում ապօրինի արդյունահանումը դադարեցնելու մասին։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանում ընդունվել էին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Արաքսի ափի մոտ գտնվող ավազահանքերից ավազ արդյունահանող սուբյեկտները պետք է հանքերում GPS-սենսորներ տեղադրեն և չխախտեն արձանագրված կոորդինատները։