ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանում ահաբեկչություն ծրագրող ԻՊ-ի ղեկավարներից մեկին

Կասկածյալը ծրագրում էր մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում պայթյուններ իրականացնել, այդ թվում` ՌԵՈւ-ի օբյեկտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱԴԾ-ն կանխել է «Իսլամական պետություն»* (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի` Մոսկվայի մարզում և Նովոսիբիրսկում ծրագրվող ահաբեկչությունները։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Մոսկվայի և Մոսկվայի մարզի գծով ԱԴԾ վարչության մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է «Իսլամական պետություն»* միջազգային ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի` Տաջիկստանի հանրապետության քաղաքացի 1989 թվականին ծնված Տ.Մ. Նազարովի անօրինական գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Նազարովը, լինելով ԻՊ-ի համախոհ, ահաբեկչական խմբավորում է ստեղծել Մոսկվայի մարզում և Նովոսիբիրսկում ինքնաշեն պայթուցիկ սարքերով դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնելու համար։ Պայթյունները նա ծրագրում էր իրականացնել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, այդ թվում` Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ–ի օբյեկտներում։
ԻՊ*–ը («Իսլամական պետություն») Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում է։