Վահե Ղազարյանը շնորհավորել է ոստիկաններին և բարելավումներ խոստացել

Վահե Ղազարյանը. Արխիվային լուսանկար
Ղազարյանը նշել է, որ նոր ոստիկանությունը հենասյունային 4 ուղղություններով է զարգանալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ և շնորհավորել ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ, հայտնում են ՆԳՆ–ից:
«Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված»,–նշել է նախարարը։
Խոսելով սպասվող բարեփոխումներից` Ղազարյանը նշել է, որ նոր ոստիկանությունը հենասյունային 4 ուղղություններով է զարգանալու։ Մասնավորապես, քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, համայնքային ոստիկանություն և ոստիկանության գվարդիա։
«Առաջիկայում կգործարկվի նաև ոստիկանների ատեստավորման նոր համակարգը, որը թույլ կտա էականորեն բարելավել 24-ժամյա ռեժիմով քաղաքացուն ծառայություն մատուցող ոստիկանի կյանքը, սոցիալական երաշխիքների փաթեթը»,–նշել է նա։
Նա վստահություն է հայտնել, որ բարեփոխման գործընթացները շարունակվելու են ողջ ծավալով, և Հայաստանը կունենա այն ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները: