Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը. Արխիվային լուսանկար
Գեներալ-մայորի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնությունը կազմված է 12 անդամից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ստեղծվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։
Նշվում է, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։
Նախաձեռնությունը կազմված է 12 անդամից, այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։
«Հանրային պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին պահանջել օրվա իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնությունը ապրիլի 18-ին, ժամը 11։00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Նշենք, որ Խաչատուրովի մեղադրանքը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում է։