ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը զբաղեցրեց 3–րդ տեղը` նվաճելով բրոնզե երեք մեդալ, երկու փոքր և մեկ մեծ։
Իզաբելլա Յայլյանը հրում վարժությունը սկսեց 105 կիլոգրամից և հաջողությամբ իրացրեց իր մոտեցումը։ Երկրորդ մոտեցումը ձախողելուց հետո Իզաբելան գլխավերևում պահեց 109 կգ կշռող ծանրաձողն ու հրում վարժությունում զբաղեցրեց երրորդ տեղը։ Նա 196 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը` ընդհանուր առմամբ նվաճելով բրոնզե երեք մեդալ` երկու փոքր և մեկ մեծ։
Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցը` Ալեքսանդրա Գրիգորյանը, առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 99 կգ կշռով ծանրաձողը, իսկ հաջորդ երկու մոտեցումները ծախսեց 107 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելու վրա, բայց ապարդյուն։ Երկամարտի 179 կգ արդյունքով Գրիգորյանը զբաղեցրեց 6-րդ տեղը։
Ալեքսանդրա Գրիգորյանը
© Sputnik / Aram Nersesyan
Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում 201 կգ արդյունքով նվաճեց ռումինուհի Անդրեա Գոտրուտան, իսկ Սվետլանա Սամուլյակը` Ուկրաինայից 199 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների մոտ 400 մարզիկներ:
Առաջնությունը կտևի ապրիլի 15-ից 23-ը։