ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները պետք է հարկային նոր մտածողությունը որդեգրեն. Փաշինյան

Ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանի տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է ունենալ այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Այս մասին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում,հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները, հայտնում են կառավարությունից։
Այս առումով վարչապետն էական է համարել այն ներդրումները և ռազմավարությունները, որոնք առկա են կրթության ոլորտում, որովհետև առանց կրթության ոլորտի ներդրումների այդ նպատակն իրագործելի չի լինի:
Փաշինյանի խոսքով` հաջորդ ֆունդամենտալ, հայեցակարգային խնդիրը հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումն է։
«Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները մեծ հաշվով հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ աջ գրպանից ձախ գրպան տեղափոխում»,–ասել է նա:
Նա ընդգծել է, որ երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, այդ ժամանակ հարկային նոր մտածողությունը կորդեգրի:
Վարչապետը խոսել է նաև համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի մասին, որը պատրաստվում են առաջիկայում ներդնել:
Նա ընդգծել է, որ կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը ոչ միայն պարտավորություններ և պարտականություններ դնի քաղաքացիների վրա, այլև նրանց համար հնարավորություններ ստեղծի, այդ թվում` սոցիալական ուղղություններով` կրթության, առողջապահության որոշակի ծախսեր անելու իմաստով: