Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին. կան տուժածներ

Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին
Ընկերությունը կրկին հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը երեկ` ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին, հայտնում են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից:
Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:
Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին
«Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,–հայտնում են ՀԿ–ից։
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։
Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս: