ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. Գերմանիայի Տրիեր քաղաքի ոստիկանության նախկին շենքի տեղում շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները հնագույն ավերակներ են հայտնաբերել, որոնք, ինչպես հետագայում բացահայտել է հնագիտական փորձաքննությունը, եղել են հին հռոմեական Միտրա Աստծո տաճարինը։ Այս մասին գրում է RG-ն ՝ վկայակոչելով Arkeonews պարբերականին։
Բանվորները տաճարի ավերակները հայտնաբերել են դեռ փետրվարին և այդ մասին տեղյակ պահել իշխանություններին։ Հնագետները պեղումներ են կատարել և գտել հռոմեական ժամանակաշրջանի սրբավայր։
Խոսքն այսպես կոչված Միթրեումի ավերակների մասին է՝ լույսի Աստծո սրբավայրի, որին պաշտել են հին Հռոմում։ Միտրան համարվում էր զինվորների հովանավոր սուրբը։
Գիտնականները պարզել են, որ կառույցը ավերվել է մ.թ. 4-րդ դարի վերջին ։
Պեղումների վայրում հայտնաբերվել է նաև 1,2 մետրանոց կրաքարե հարթաքանդակ, որը պատկերում է Կաուտեսին ՝ Միտրայի երկու ջահակիրներից մեկին։ Երկրորդ ջահակիրը համարվում էր Կաուտոպատը ։ Նրանք միասին խորհրդանշում էին արևածագն ու մայրամուտը, ամառն ու ձմեռը, կյանքն և մահը:
Տրիեր քաղաքը հիմնադրել են հռոմեացիները Մոզել գետի վրա մ.թ.ա. 17 թվականին։ Այն Գերմանիայի ամենահին քաղաքն է և Ալպերից հյուսիս գտնվող հին հռոմեական ամենամեծ բնակավայրը։ Պեղված տաճարն արդեն երկրորդն է, որը հայտնաբերվել է Տրիեր քաղաքի տարածքում։