ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանում «Լյուքս Քասլ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում այսօր հայտնաբերել է պարանոցը կտրած կին, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 14։50-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են մի երիտասարդ տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հյուրանոցային համալիրի բակում ոստիկանները հայտնաբերել են դանակ, որի վրա եղել են արնանման հետքեր։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ երիտասարդը դանակով վնասել է իր մորը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։