ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտեկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր կառույցի գործունեությունը խաթարվել է:
«Այդուհանդերձ, նկատի ունենալով քաղաքացիների կողմից նամակներ ու փաստաթղթեր առաքելու խիստ անհրաժեշտությունը և այդ հնարավորության բացակայության հետևանքները՝ ընկերությունը ԱՀ կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն»,–ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։