Զորավարժություններին մասնակցելը վատ չէ, եթե, իհարկե, դա արդյունավետ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով արևմտյան զորավարժություններին մասնակցելու` Հայաստանի որոշումը։
«Այն, որ Հայաստանը փորձում է մասնակցել ու ծանոթանալ ռազմական ոլորտի նորույթներին, որոնց Արևմուտքը տիրապետում է, ընդհանուր առմամբ դրական է, բայց խնդիրն այն է, թե ինչքանով է էֆեկտիվ հենց այդ զորավարժություններին մասնակցելը»,– ասաց Հարությունովը։
Նա նշեց` որպեսզի ձեռք բերված տեսական հմտություններն էֆեկտիվ լինեն, նախ և առաջ հարկավոր է ունենալ տեխնիկական բազա, որը Հայաստանը չունի։
Որպես օրինակ, Հարությունովը նշում է Ադրբեջանի փորձը, որն Իսրայելից ու Թուրքիայից ժամանակակից սպառազինություններ ստանալով` միաժամանակ նաև դրանց պրակտիկ կիրառման դասեր էր ստանում այդ երկրների ռազմական մասնագետներից։ Մինչդեռ Հայաստանն առայժմ ԱՄՆ–ից զենք ձեռք բերելու մտադրություն չունի։
«Կարծում եմ` այդ հմտությունները ձեռք բերելու որոշակի դաշտ կա ոչ թե ԱՄՆ–ից, այլ գոնե համեմատելի ու համարժեք այլ երկրներից։ Եվ եթե ՀՀ–ն այդ ուղղությամբ գնա, դա կարող է չառաջացնել նաև կոնֆլիկտային իրավիճակներ Ռուսաստանի հետ։ Օրինակ` կա Հնդկաստանի հետ հարաբերությունը, որն ունի երկար տարիների համագործակցություն ՌԴ–ի հետ այդ ոլորտում։ Բայց նաև շատ ակտիվ գնում և ինտեգրում է ժամանակակից տեխնիկա ու նաև հմտություններ ձեռք բերում Արևմուտքից։ Դրանով շատ ակտիվ զբաղվում է նաև Չինաստանը, որը թեև անմիջապես Արևմուտքից չի ձեռք բերում, բայց ակտիվ սովորում ու շատ ուշադիր է այն ամենի նկատմամբ, ինչ ԱՄՆ–ն անում է»,– թվարկում է Հարությունովը` հավելելով, որ եվրոպական երկրներից Հայաստանը կարող է համագործակցել նաև Ֆրանսիայի հետ, որը թեև ՆԱՏՕ–ի անդամ է, բայց ՌԴ–ի համար այնքան խնդրահարույց չէ, որքան ԱՄՆ–ն։
Հիշեցնենք` ԱՄՆ Պետդեպարտամենտն օրերս հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է «Դիֆենդր 2023» զորավարժություններին, սակայն որոշ ժամանակ անց Պենտանգոնը հերքեց Հայաստանի մասնակցության մասին լուրը` նշելով, որ մասնակից երկրների ցանկում վրիպակ է եղել։
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Հայաստանը թեև չի մասնակցելու Եվրոպայի մի քանի երկրներում Պենտագոնի կազակերպած «Defender 2023» բազմազգ զորավարժությանը, բայց փոխարենը ծրագրում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների։
Ապրիլի 13-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում անդրադառնալով այս թեմային, նշել էր, որ այդ զորավարժություններին մասնակցելու նպատակը նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելն է, որոնք կնպաստեն զինված ուժերի բարեփոխումներին։
Բացի այդ, անդրադառնալով ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական հնարավոր աջակցության հարցին, Գրիգորյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ստացել ռազմատեխնիկական աջակցության խոստում, հակառակ դեպքում չէր մերժի։ Մինչդեռ նկատենք, որ Ադրբեջանի նկատմամբ քաղաքական գնահատականի բացակայության պատճառով Երևանը հրաժարվել էր ՀԱՊԿ-ի աջակցությունից։
Մեկնաբանելով ԱԽ քարտւղարի այս հայտարարությունը` Դավիթ Հարությունովը նախ փաստում է, որ անկախ ռազմատեխնիկական աջակցության պայմանավորվածությունից, ՀԱՊԿ–ն ինքն էլ առանձնապես մեծ ռեսուրսներ չունի։ Բացի այդ, կազմակերպության անդամ երկրների մեծ մասի մոտ կա քաղաքական դիրքորոշում առ այն, որ իրենք չեն ցանկանույմ ներքաշվել կոնֆլիկտի մեջ։
«Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն այն վիճակում չէ, որ հրաժարվի նույնիսկ փոքր աջակցությունից ու անվտանգային ցանկացած տիպի երաշխիքից։ Եթե, իհարկե, դա անվտանգային ինչ–որ հետևանքներ չի ունենում Հայաստանի համար, ինչը, ես կարծում եմ, այս դեպքում չկա»,– նկատեց մեր զրուցակիցը։
Նրա համոզմամբ` Հայաստանն այսօր պետք է ձգտի թակել բոլոր դռները` անվտանգային ոլորտում աջակցության ու ներկայության հնարավորինս լայն տարբերակներ ապահովելու համար։