ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Լեհաստանի կառավարությունը պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարներին լիազորել է ժամանակավորապես արգելել Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարության կայքում տեղադրված հայտարարությանը:
Այսօր Վարշավայում կայացել է Լեհաստանի կառավարության նիստը, որտեղ գյուղատնտեսության և գյուղական զարգացման ղեկավար Ռոբերտ Թելյուսը խոսել է այն խնդիրների մասին, որոնք երկրում առաջացել են Ուկրաինայից մեծ քանակությամբ հացահատիկի մատակարարման պատճառով:
«Նախարարների խորհուրդը գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարին և զարգացման և տեխնոլոգիաների նախարարին լիազորել է համապատասխան իրավական ակտեր հրապարակել լեհական գյուղատնտեսական շուկան ապակայունացումից պաշտպանելու համար` ներառյալ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի ներմուծման ժամանակավոր արգելքը»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ պրոֆիլային նախարարները մշտական կապի մեջ են Ուկրաինայի իշխանությունների հետ:
Երեկ` ապրիլի 14–ին, Եվրամիության վեց երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, հանդես են եկել ուկրաինական հացահատիկի գնման միասնական եվրոպական մեխանիզմի ստեղծման և Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի համար ԵՄ մաքսային քվոտաների ներդրման օգտին: