ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վանաձորում հնարավոր է`արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացվեն։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Վանաձորում տևական ժամանակ է, ինչ ավագանու նիստեր չեն գումարվում, իսկ քաղաքում կուտակված խնդիրներ կան, որոնք միայն ավագանու որոշումներով են լուծվում։
«Մամիկոն Ասլանյանի դասալիք թիմակիցը, որը քվորում ապահովեց, և ՔՊ-ի համայնքապետ Ական՝ Արկադի Փելեշյանը, հաստատեց համայնքի բյուջեն, այդ նիստից հետո այլևս չի ներկայանում նիստերին, ուստի նոր ընտրություններ են պետք»,– գրում է թերթն ու հավելում, որ հիմա իրավական ճանապարներ են փնտրում այդ հարցը լուծելու համար։
Քննարկվում է Վանաձորի կրկին խոշորացման՝ Փամբակը Վանաձորին միավորելու հարցը, որի դեպքում նոր ընտրություն կկայանա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։