ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան լրացուցիչ անվտանգության երաշխիքներ է խնդրել Հայաստանից մրցույթի բոլոր մասնակիցների համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել EWF պաշտոնական կայքը։
Նրանք խստորեն դատապարտել են երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում հրկիզվել էԱդրբեջանի դրոշը:
«EWF-ն այս չափազանց լուրջ և մտահոգիչ արարքը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ»,– գրված է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ ֆեդերացիայից հույս են հայտնել, որ այսպիսի միջադեպ այլևս չի կրկնվի։
«Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք նրանց որոշումը։ Մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել պատվիրակության անվտանգության ապահովմանը մինչև նրանց Ադրբեջան վերադառնալը։ Մենք մշտապես գտնվել ենք Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության հետ` լիակատար համերաշխություն ու աջակցություն հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին»,– ասված է հաղորդագրությունում։
EWF-ից հայտնել են, որ իրենց ղեկավարությունը կմասնակցի ԵԱ շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին նախքան պատվիրակությունների մեկնելը, որպեսզի թիմերի համար ապահովվի անվտանգության բոլոր պայմանների կատարումը:
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։
Նշենք, որ ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին, ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ են:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։