Ադրբեջանցիները կրկին կրակել են Սոթքի ուղղությամբ. ոսկու հանքի աշխատանքները դադարեցվել են

Այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան ժամը 19:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել հանքավայրի ուղղությամբ: Գիշերը եղել է խաղաղ, բայց այսօր առավոտյան՝ ժամը 08:00-09:00– ն ընկած ժամանակահատվածում, նրանք կրկին սկսել են կրակել, ինչի արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը:
Նա նշեց, որ այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
Չկան նաև վիրավորներ, տուժածներ և վնասված տեխնիկա։
«Իրավիճակն անկայուն է, ուստի մենք որոշում ենք կայացրել առայժմ դադարեցնել աշխատանքը։ Դեռ պատկերացում չկա, թե երբ կվերսկսվեն աշխատանքները»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիների հրահրած փոխհրաձգության հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր նաև ապրիլի 11–ին, աշխատակիցներին ստիպված տարհանել էին: