Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանցիները ժամանել են Երևան, սակայն հետո մտափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն:
Որոշումը կայացվել է առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Հայտնել ենք, որ ոճաբան Արամ Նիկոլյանը դրոշակակիրից խլել է Ադրբեջանի դրոշը և այրել այն։ Նրան բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն ավելի ուշ ազատ են արձակել: Նախնական տվյալներով՝ նրա նկատմամբ քրեական վարույթ չի հարուցվի։
Ադրբեջանի դրոշն այրած դիզայների դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի. փաստաբան
Ադրբեջանում այս միջադեպը որակել են քաղաքական։ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն կոչ են արել միջազգային հանրությանը, միջազգային մարզական կազմակերպություններին, ծանրամարտի եվրոպական ֆեդերացիային դատապարտել և պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ:
«Կարծում ենք, որ տեղի ունեցած իրադարձությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ի վիճակի չէ անցկացնել միջազգային մարզական մրցումներ և ապահովել մարզիկների անվտանգությունը», - ասված է հայտարարությունում:
Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին, ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ են:
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։
Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանն ասել է` ինչ դրդապատճառ է ունեցել իր քայլը. տեսանյութ