ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Ուզբեկստան։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։
Նշվում է, որ նախարար Քերոբյանն ապրիլի 24-27-ը Տաշքենդում մասնակցելու է «Իննոպրոմ․ Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Տաշքենդյան երկրորդ միջազգային ներդրումային համաժողովին։
Ըստ որոշման` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նախարարը պետք է այցի մասին հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։ Բացի այդ, պետք է ներկայացվի գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ և ֆինանսների նախարարություն:
Նշենք, որ «Իննոպրոմ․ Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում է ապրիլի 24-26-ը։ Մասնակցում են Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների պետական գերատեսչությունների, բիզնեսի և ասոցիացիաների ղեկավարներ։ Նախատեսվում է 10 հազարից ավելի այցելուներ 24 երկրներից։
Իսկ ապրիլի 27-28–ը կանցկացվի Տաշքենդի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովը։ Նախորդ համաժողովը՝ 2022 թվականի մարտին, մի հարկի տակ համախմբել էր ավելի քան 2 հազար մարդու՝ խոշոր ներդրողների և հյուրերի աշխարհի 56 երկրներից։