Փորձում են նաև ահաբեկել սահմանային բնակավայրերի մարդկանց. նորընտիր ՄԻՊ-ը Տեղ է այցելել

ՀՀ ՄԻՊ-ը Տեղ է այցելել
Պաշտպանի գրասենյակում հավաքագրված փաստերն ամփոփվելու են ու փոխանցվելու են իրավասու միջազգային կառույցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի մարդկանց ահաբեկելու նպատակ։ Այսօր Սյունիքի մարզ Տեղ համայնք այցելության ժամանակ ընդգծել է մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ պաշտպանի այցի նպատակն էր փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Նա տեղում իրավիճակը քննարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ինչպես նաև բնակիչների հետ։
«Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Նրանց կողմից կարևորվել են արոտավայրերի օգտագործման, անասնապահությամբ զբաղվելու միջոցով իրենց ընտանիքներին ապահովելու խնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մանասյանն ընդգծում է` հավաքագրված փաստերը վկայում են, որ խախտվում է բնակիչների սեփականության իրավունքը, վտանգվում են նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքները, բնակիչները զրկվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։
Հավաքագրված բոլոր փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։
ՄԻՊ-ը Տեղ է այցելել
Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։