«Ներկա պահին թուրքն ինժեներական աշխատանք է կատարում իմ հողում». Տեղի բնակիչները մտահոգ են

Արման Թաթոյանն այցելել է Տեղ գյուղ
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն այցելել է Տեղ գյուղ, զրուցել բնակիչների հետ։ Հիմնադրամը Sputnik Արմենիային է տրամադրել զրույցի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջխաղացման հետևանքով գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում` նրանց հողամասերում այժմ ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են կատարում։
Տեղի բնակիչներից մի տղամարդ պատմում է, որ 2002 թվականին պետությունից 15 000քմ տարածք է ստացել, որի վկայականն էլ ունի` կադաստրով հաստատած։
«Վարկ եմ վերցրել` ցորեն եմ ցանել, պարարտանյութ եմ տվել, գարնանն էլ` սելիտրա, անգամ մկնդեղ եմ տվել` կրծողների դեմ։ Իսկ հիմա չենք կարող այնտեղ գնալ` այդ հողամասում թուրքն է նստել»,–ասում է տղամարդը։
Արման Թաթոյանն այցելել է Տեղ գյուղ
Նա, սակայն, նշում է, որ նման իրավիճակում միայն ինքը չէ, որ հայտնվել է` 27 անձ կա, որոնք 2002-ին հող են ստացել, սեփականաշնորհել դրանք, իսկ այժմ ադրբեջանցիների վերահսկողոըւթյան ներքո են դրանք։ Ավելին, տղամարդն ասում է, որ իրենց հողամասերից մի փոքր վերև ևս 10 անձանց հողամաս կա, որոնք նույն կարգավիճակում են. «Սանտիմետր առ սանտիմետր գիտեմ այդ հողերը։ Ես ինքս բազմազավակ ընտանիք ունեմ` 4 երեխա և 4 թոռ. բոլորս նույն տանիքի տակ ենք ապրում։ Թուրքերը մեզ զրկել են ապրուստից ու մեր հողերը վերցրել մեր ձեռքից»։
Տեղ գյուղի մեկ այլ տղամարդ էլ պատմում է, որ 2 հեկտար հող ունի, որը 2012-ին է վարձակալել մինչև 2039 թվականը։ Վերջին շրջանում դեռ մի բան էլ վարձակալության գումարը թանկացրել են։
1 / 2

Տեղ գյուղը

2 / 2

Արման Թաթոյանն այցելել է Տեղ գյուղ

«Ներկա պահին թուրքն ինժեներական աշխատանք է կատարում իմ հողում և այնտեղ նստած է։ Այստեղ ոչ թե իմ հողի հարցն է, այլ` բոլորիս անվտանգության։ Անասնապահությունը դժվարացել է, հողագործությունը` նույնպես, վարկելն էլ մի տեղից են խեղդում գյուղացիներին»,–ասում է տղամարդը։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։