ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը տրված վարկանիշը, տեղեկանում ենք գործակալության տարածած հաղորդագրությունից։
Արտարժույթով և տեղական արժույթով վճարունակության վարկանիշը մնացել է Ba3 մակարդակում, իսկ ֆինանսական կայունության գնահատականը՝ b1 մակարդակում։ Հեռանկարը գնահատվել է բացասական։
Հաղորդագրությունում ասվում է, որ ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։
«Վարկանիշի տրամադրման գործընթացում Moody’s-ի վարկանիշային գործակալության կողմից հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել ընկերության կապիտալում պետական մասնակցությունը, ընկերության բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը, ինչպես նաև ընկերության համագործակցությունը Swiss Reinsurance Company Ltd Aa3 (excellent) outlook stable վարկանիշ ունեցող հեղինակավոր վերաապահովագրող կազմակերպության հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը դժվարություններ է ունեցել 2022 թվականին, քանի որ ապահովագրել է արտահանման գործարքները հիմնականում Ռուսաստանում (Հայաստանի հիմնական արտահանման շուկա)։
2023 թվականի առաջին եռամսյակում գործակալությունը փոխհատուցել է կրած վնասները, սակայն չի կարողացել պահպանել Ռուսաստանի ուղղությամբ գործարքների գծով ռիսկերի 90%-անոց ծածկույթը։
Գործակալությունում դիտարկում են Ռուսաստանի հետ կապված գործարքների վերաապահովագրության այլընտրանքային հնարավորությունները, հաշվի առնելով, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտահանման խոշորագույն շուկան: Այնուամենայնիվ, պաշտպանության այդ մեխանիզմներն ավելի թույլ կլինեն, քան նախկինները, կարծում են Moody's-ում:
Այդուհանդերձ, հաստատվել է գործակալության ֆինանսական կայունության վարկանիշը, այդ թվում այն բանի շնորհիվ, որ նրա միջոցները տեղաբաշխված են ցածր ռիսկային ակտիվներում ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերում և հանրապետության բանկերի ավանդներում:
Նշենք, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը ստեղծվել է արտահանողներին պետական աջակցություն տրամադրելու համար և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: