ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը»,– նշեց Աբրահամյանը։
47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը։ Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
Հիշեցնենք` միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր։
Ըստ քննչական կոմիտեի՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանության ծառայողներին, փորձել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։