ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է հացահատիկի գործարքի կատարման ընթացքով

Հացահատիկ
Դյուժարիկը ասել է, որ համաշխարհային կազմակերպությունն առանց դադարի աշխատում է հացահատիկի գործարքի բոլոր մասնակիցների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը նամակներ է ուղարկել հացահատիկային գործարքի մասնակից երկրներին, որոնցում մտահոգություն է հայտնել վերջին շրջանում այդ համաձայնագրի տեղում դոփելու կապակցությամբ: Այս մասին այսօր հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարի թիմի տարբեր անդամներ, ինչպես նաև ինքը` գլխավոր քարտուղարը, այս համաձայնագիրը ստորագրողներին ուղղված նամակներում մեր մտահոգությունն են հայտնել։ Մենք առանց դադարի աշխատում ենք ներգրավված կողմերի հետ սերտ համագործակցությամբ, ինչը կարևոր է այս կենսական կարևորության համաձայնագիրն ուժի մեջ պահելու համար»,-ասել է նա:
Հիշեցնենք` հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։
Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում գտնվող Համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացվել է 60 օրով` մինչև մայիսի 18-ը։