Չի կարող լինել անվտանգություն, եթե ադրբեջանցի մարդասպանը 2 օր շրջում է ՀՀ–ում. Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը կասկածի տակ է դնում ԵՄ դիտորդների դերը, քանի որ նրանց երկամսյա առաքելության ընթացքում եղել են հրադադարի ռեժիմի 15-ից ավելի խախտումներ, բայց դրանց արտացոլումը որևէ հրապարակային փաստաթղթում չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում և Արցախում չի կարող լինել անվտանգություն, եթե ադրբեջանցի մարդասպանը երկու օր շարունակ շրջում է Հայաստանի տարածքում։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ես վստահ եմ, որ եթե այդ ադրբեջանցին ուղիղ եթեր մտներ և ասեր` Նիկոլ, դավաճան, նրան արագ կգտնեին»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով Տեղ գյուղի տարածքում ապրիլի 11-ի ադրբեջանական սադրանքին՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ապրիլի 13–ին ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ քննարկմանը «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել։
«Նա հետաքրքրվել է՝ եթե հայտնի տեսանյութի ժամանակ խոսքը գնում էր դաշտային ճշգրտումների մասին, ապա ո՞վ է եղել այդ բանակցության պատասխանատուն, իսկ եթե ոչ, ապա ադրբեջանական դիրքից մեքենա է շարժվում հայկական դիրքի ուղղությամբ, ու խոսքը բանակցության մասին չի գնում, ինչո՞ւ կրակ չի բացվել։ Սա պարզ հարց է. քաղաքական շղարշներ չկան»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ստում է». Հայկ Մամիջանյան
Ինչ վերաբերում է այս համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին, ապա Հայկ Մամիջանյանը նշեց, որ անգամ նրանց արձանագրած հրադադարի ռեժիմի խատումները երբեք իրադրություն չեն փոխել։
«Թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե ես դեմ եմ ԵՄ դիտորդական առաքելությանը, բացարձակապես ոչ, ես կողմ եմ ցանկացած միջազգային երաշխիքի, որը ՀՀ–ի և Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնում է, բայց ԵՄ երկամսյա դիտորդական առաքելության ընթացքում եղել են 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ, դրանց արտացոլումը կամ արձանագրումը մենք չենք տեսել որևէ հրապարակային փաստաթղթում»,– ասաց նա։
Նա նշեց` ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջխորհրդարանական ձևաչափի ընդունած հայտարարության մեջ իր առաջարկով ներառվել է կետ, որով ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի դիտորդական առաքելության տված զեկույցների հիման վրա:
«Բացատրեմ`ինչ նկատի ունեմ։ Եթե այդ զեկույցները հրապարակային չեն, ապա մենք առնվազն պետք է տեսնեինք, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այլևս չի գովաբանի Ադրբեջանի իշխանություններին: ԵՄ որոշում կայացնողները, քաղաքական պաշտոնյաներն առնվազն իրենց բանավոր խոսքի և քաղաքականության մշակման մեջ կարտացոլեն այն փաստը, որ իրենց իսկ դիտորդական առաքելության արձանագրմամբ՝ ադրբեջանական կողմը (ինչպես նաև նախորդ 30 տարիների ընթացքում) հանդիսանում է ագրեսոր»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՌԴ խաղապահներ չկային այդ հատվածում, Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ ՌԴ խաղապահների մանդատը Հայաստան – Արցախ սահմանում անվտանգության ապահովումն է։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։