Ինչպես է նշվելու հայկական կինոյի 100-ամյակը, և որքան գումար է հատկացվել կինոարտադրությանը

«Ոսկե ծիրանի» բացման արարողություն. արխիվային լուսանկար
Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու համար էականորեն բարձրացվել են կինոարտադրությանը և կինոժառանգության պահպանությանն ուղղված պետական միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայկական կինոյի 100-ամյակը կնշվի բազմաթիվ միջոցառումներով, հոբելյանական ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
«Ապրիլի 16–ին` Հայ կինոյի օրը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր հոբելյանական երեկո, որտեղ առաջին անգամ կցուցադրվեն դրվագներ «Երկիր Նաիրի» ֆիլմից վերականգնված հատվածներ, որն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ»,– ասաց նա։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հոբելյանական տարեթվի շրջանակում կանցկացվեն ավանդական դարձած կինոփառատոները` «Ոսկե ծիրանը», «Մեկ կադրը», «Ծիրանի ծառը», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, ինչպես նաև կրթական ուղղվածության «Կինոդպրոց առանց սահմանների», «Կինոն ուսուցիչ» նախագծերը։
«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում Նարեկացու տաղերը կհնչեն նաև աշխարհաբարով` այսօրվա ասելիքով
«Կինոն միայն արվեստ չէ, այլ անգերազանցելի լծակ և գործիքակազմ երկրի միջազգայնացման, միջազգային համագործակցությունը ընդլայնելու, քաղաքական, փափուկ ուժի կիրառման տեսակետից։ Մենք այս հոբելյանական տարեթիվը դիտում ենք կինոարվեստի և անցյալի վերաիմաստավորման և ներկայի խնդիրները մեղմացնելու, ինչպես նաև ապագան կանխանշելու փայլուն առիթ»,–ասաց նա։
Արա Խազմալյան
Խզմալյանը նաև խոսեց կինոարտադրության ոլորտին հատկացվող գումարների մասին։

«2023 թվականին կինոարտադրության բյուջեն աճել է 70 տոկոսով` 199 միլիոն դրամից դառնալով 478 միլիոն դրամ, կինոժառանգության պահպանման համար հատկացումները աճել են 90 տոկոսով` կազմելով 93 մլն դրամ»,– նշեց նա։

Ծրագրերը կենտրոնացված չեն լինի միայն Երևանում, ներգրավված կլինեն բոլոր մարզերը, մասնավորապես «Կինոդար» ծրագրի շրջանակում 100 ֆիլմ կցուցադրվի մարզերում։
Մայիսի 1-ից թանգարաններ մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի