Ինչպե՞ս է ադրբեջանցի զինվորը աննկատ Սիսիանից Կապան հասնել. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` խայտառակ դեպք է, երբ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին շուրջ 115 կմ աննկատ կարողացել է քաղաքից քաղաք տեղաշարժվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Խայտառակ դեպք է, որ ադրբեջանցին կարողացել է աննկատ Սիսիանից Կապան հասնել (հեռավորությունը 115 կմ)։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ տարածքում ադրբեջանցի զինծառայողների հայտնվելուն։
Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ սահմանը հատել են Նախիջևանի հատվածից։ Նրանցից մեկին ոստիկանությունը բռնել է սահմանը հատելու հաջորդ օրը։ Իսկ երկրորդ զինծառայողին ՀՀ տարածքում հայտնաբերել և ձերբակալել են երեք օր անց։
«Այն փաստը, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է ազատ լինել ՀՀ տարածքում... Մարդու հավատ չի գալիս, որ նա Սիսիանից Կապան է հասնել։ Դա ինքնին արտառոց և խայտառակ դեպք է»,–ասաց Մանուկյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` նախքան հակառակորդի զինծառայողին գտնելը, ավելի խայտառակ է ՀՀ վարչապետի հայտարարությունը ԱԺ ամբիոնից այն մասին, որ հնարավոր է այդ զինծառայողը հետ է գնացել։
«Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցնելով նախաքննական, հետախուզական հակահետախուզական, փաստաբանական, հազար ու մի տեսակ պաշտոնները՝ փորձում էր բացատրել, որ կարող է հետ է գնացել։ Նման դեպք էլի է եղել, երբ 2020 թվականի հուլիսյան դեպքերին փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով մոլորվել էին»,–ասաց նա։
Սյունիքում հայտնաբերված ադրբեջանցին փոխանցվել է ԱԱԾ–ին
Անդրադառնալով Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ի ադրբեջանական հերթական ագրեսիային` Մանուկյանն ընդգծեց, որ այն չէր լինի, եթե մեկ տարվա ընթացքում, երբ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտ տանող ճանապարհի փոփոխություն է լինելու Տեղ–Կոռնիձոր ուղիով, ամրաշինական և ինժեներական աշխատանքներ իրականացվեին սահմանին և տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացվեր։
«Թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ կոմպետենտ, երկրի մասին մտածող, համակարգված գործողություններ իրականացնող անձնավորություն և կառավարում իրականացնող անձնավորություն»,–հավելեց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքում` Սիսիանի Բնունիս համայնքում 2 ադրբեջանցիներ են հայտնվել։ Նրանք բնակիչներից մեկի դռան զանգն են տվել, դուռը բացած կինն էլ անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ նրանցից մեկին հայտնաբերել և ձերբակալել էին, իսկ մյուսը որոնվում էր։
Վերջինս հայտնաբերվեց ապրիլի 13-ին Աճանան գյուղում։