Հունգարիան կարող է գաղտնի թույլ տալ իր օդային տարածքով զենք տեղափոխել Կիև. ԶԼՄ

Արտահոսքի հետևանքով հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փետրվարի 22-ին ԱՄՆ-ն անվանել է իր կուսակցության երեք հիմնական թշնամիներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Հունգարիան կարող է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին գաղտնի թույլ տալ օգտագործել իր օդային տարածքը Ուկրաինա զենք մատակարարելու համար՝ չնայած ավելի վաղ հայտարարված արգելքին։ Տեղեկությունը գրում է Politico պարբերականը՝ հղում անելով համացանցում Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքին։ Նյութից հատվածներ է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Ամերիկյան փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ Հունգարիան, որը փոքր սահման ունի Ուկրաինայի հետ, կարող է դաշնակիցներին գաղտնի թույլ տալ օգտագործել իրենց օդային տարածքը ռազմաճակատ զենք տեղափոխելու համար՝ չնայած նման փոխադրումներն արգելելու խոստումներին», - նշված է հրատարակության նյութում:
Politico-ն նշում է, որ համացանցում հայտնված փաստաթղթերից մեկը ծրագիր էր պարունակում ուկրաինացի օդաչուների համար, որոնց հանձնարարվել էր տրամադրված ուղղաթիռները Խորվաթիայից Ուկրաինա տեղափոխել «Հունգարիայի օդային տարածքով»: Նշվում է, որ եթե այդ փաստաթղթերը հավաստի լինեն, դա կխոսի ոչ միայն այն մասին, որ Բուդապեշտը թույլ է տալիս սպառազինությունների մատակարարումը, այլ նաև այն մասին, որ դրա գործողությունները հակասում են պաշտոնական հայտարարություններին:
Բացի այդ, թերթը, հղում անելով ԿՀՎ-ի մարտի սկզբի զեկույցին, նշում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փետրվարի 22-ին ԱՄՆ-ն անվանել է իր կուսակցության երեք հիմնական թշնամիներից մեկը: ԱՄՆ-ում դա ընդունել են որպես Օրբանի կողմից հակաամերիկյան հռետորաբանության սրացում։
4 երկիր ԵՀ-ին խնդրում են ապահովել ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա. Սիյարտո
Հունգարիան հակամարտության սկզբից հետևողականորեն հանդես է գալիս ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների և Ուկրաինային զենք ուղարկելու դեմ։ Անցյալ տարվա մարտի սկզբին Հունգարիայի խորհրդարանը հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էր երկրի տարածքով զենք մատակարարել Ուկրաինային։
Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն պարզաբանել էր, որ Բուդապեշտը ձգտում է ապահովել Անդրկարպատյան տարածքը, որտեղ էթնիկ հունգարացիներ են ապրում, քանի որ զենքի մատակարարումները այդ տարածքը օրինական ռազմական թիրախ կդարձնեն: Երկրի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Հունգարիան խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կողմնակից է:
Սերբիան համաձայնել է Ուկրաինային զենք մատակարարել