ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս ունենք. Մատվիենկո

Ռուսաստանը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր ստորագրվի եռակողմ հայտարարության շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ կստորագրվի։ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին նվիրված ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Ռուսաստանն արել և շարունակում է անել հնարավորը, որպեսզի հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակներում, որը ժամանակին ստորագրվել էր երեք պետությունների ղեկավարների կողմից։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է` արագ»,–ասել է Մատվիենկոն։
Ճեպազրույցին մասնակցել են նաև Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ջանքերի ակտիվացումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածությունների: