Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները. Սիմոնյան

Ալեն ՍիմոնյանըԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամը դեռևս չի վերաճել հումանիտար աղետի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Սիմոնյանը, անդրադառնալով Լաչինի թեմայով ադրբեջանական կողմի հայտարարություններին, շեշտել է, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական բեռներ չի փոխադրում։ Ավելին, Լեռնային Ղարաբաղում Հայաստանից զինվորականներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամը դեռևս չի վերաճել հումանիտար աղետի: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել ԼՂ–ում, քանի որ գազի և էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի դեգրադացիայի»,–ասել է Սիմոնյանը։
Ալեն ՍիմոնյանըԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
ԱԺ նախագահը նշել է նաև, որ այս ամենից բացի, հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Սիմոնյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչպես նաև ԼՂ–ի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին:
Սիմոնյանը կոչ է արել միջազգային հանրությանը և գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ՀՀ և ԼՂ հայերի նկատմամբ` դրանով իսկ կանխելով իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել այլ տարածաշրջաններ: