Հայաստանի համար ԱՊՀ–ի հետ փոխգործակցությունը կարևոր ուղղություն է մնում. ԱԺ խոսնակ

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում են էկոլոգիայի և բնապահպանական խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Հայաստանի համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել և մնում է համագործակցության կարևոր ուղղություն: Այս մասին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստի ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանի համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել և մնում է համագործակցության կարևոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի` այս տարիների ընթացքում կուտակած գործնական փորձը։ Այդ ամենի հետ մեկտեղ, մենք հիմա պետք է ուղենիշեր նախանշենք հետագայի համար` ի շահ մեր ժողովուրդների և պետությունների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման։ Էկոլոգիայի և բնապահպանական խնդիրները Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում են: Մեր երկիրը մշտապես ցուցաբերել է լիակատար աջակցություն և նվիրվածություն ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին»,– ասաց Սիմոնյանը:
Նա ընդգծեց, որ վերջին մի քանի տարում Հայաստանի կառավարությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը համապատասխանեցվեն գլոբալ օրակարգի նպատակներին ու խնդիրներին:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում
ՀՀ ԱԺ խոսնակի պնդմամբ` արևային, քամու, երկրաջերմային էներգետիկայի ոլորտում ներդրումները մինչև 2030 թվական զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչն են: Հայաստանը կլիմայի փոփոխության առումով 4-րդ ամենախոցելի երկիրն է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
«Երկիրը բախվում է շրջակա միջավայրի վատթարացմանը, որոնք կապված են բազմաթիվ խնդիրների հետ։ Մենք ակտիվ միջոցներ ենք ձեռնարկում վտանգված էկոհամակարգերը պաշտպանելու համար։ Առանցքային հարցերից է անտառային տարածքների, կանաչ գոտիների վերականգնումն ու ընդլայնումը։ Մեծ ուշադրություն է դարձվում էկոտուրիզմի զարգացմանը»,– նշել է Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ բարեփոխումների ծրագրի ևս մեկ կարևոր ասպեկտ է նաև այն, որ պետք է ապահովել անվտանգ և մատչելի խմելու ջուր։ ԱԺ խոսնակն ընդգծեց` այդ ամենը պահանջում է ներդրումներ պատշաճ ենթակառուցվածքներում և սանիտարական տեխնիկայում:
ԱՊՀ-ում դիտորդի և գործընկերոջ ինստիտուտների մասին փաստաթղթեր են մշակվում