Երկու օրում շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց

Շմոլ գազից ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը։
4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, ևս 1–ն էլ`այլ ընտանիքից:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում`տեղափոխվել են համալսարանական կլինիկա:
«Բուժման արդյունքում նրանց մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
Միաժամանակ նշվում է, որ թունավորման նախնական ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, ուշագնացություն, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ։ Ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:
Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է:
Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, ուշադիր լինել գազօջախին և անվտանգության սարքերին: