Զինծառայողը վնասվածք ստացել է կզակի տակից արձակված կրակոցից. ՔԿ

Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ապրիլի 13–ին ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնել)։
Նշենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել կայազորային հոսպիտալ:
Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: