Բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Անվտանգության աշխատակիցները շտապեցին դուրս հանել ոճաբանին և վերադարձնել ադրբեջանական դրոշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Ըստ սցենարի` խորհրդանշական ինքնաթիռից դուրս էին գալիս բորտուղեկցորդուհիները և տվյալ երկրի դրոշն իրենց ձեռքին կանգնում բեմահարթակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի դրոշը դուրս բերվեց, անսպասելի դեպի բեմ վազեց հայտնի դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը, վերցրեց աղջկա ձեռքից դրոշն ու հենց բեմում այրեց այն։
«Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչն արձանագրել է այդ պահը։ Դրանից հետո անվտանգության աշխատակիցները շտապեցին դուրս հանել Նիկոլյանին դահլիճից, աշխատակիցներից մեկն էլ ադրբեջանական դրոշը վերադարձրեց դրոշակակիր աղջկան։
Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։
Երևանում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Եվրոպայի 40 երկրների 389 ծանրորդներ մասնակցելու են ծանրամարտի առաջնությանը։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։