«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ստում է». Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյան. Արխիվային լուսանկար
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է, որ ՀԱՊԿ օգնության փաթեթը նաև սպառազինության աջակցություն է նախատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ստել է՝ խոսելով ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթի դրույթների մասին։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ըստ իմ տեղեկությունների՝ ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակ պարունակում էր նաև սպառազինության աջակցություն, դրա մասին վկայում են և բաց աղբյուրները, և իմ ունեցած տեղեկատվությունները»,– ասաց Մամիջանյանը։
Նա հորդորեց լրագրողներին հարցում ուղարկել թե՛ ՀԱՊԿ քարտուղարություն, թե՛ ԱԽՔ` պարզելու համար այս հարցը։
Նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հերքել էր այն տեղեկությունը, թե ՀԱՊԿ-ի օգնության փաթեթը ենթադրում է ռազմական աջակցություն: Նրա պնդմամբ ՝ փաթեթով նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի պաշտպանության նախարարությունից որևէ պաշտոնյայի գործուղում։
Դիտարկմանը, թե զենքի մատակարարում չի ենթադրում, Գրիգորյանն ասել էր. «Հայաստանն այս պահին ամենուր զենք-զինամթերք է փնտրում, և չի կարող հրաժարվել զենք-զինամթերքի օգնությունից, եթե այն առաջարկվում է»:
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ կգա հայկական կողմի պատրաստակամության դեպքում. Կոպիրկին
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու կառույցի մշտական պատրաստակամության մասին ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Մինչ այդ բազմիցս խոսվել է նաև հանրապետությանը ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: