Ադրբեջանցիների նպատակը բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է. ԱԽՔ–ը` Բոնոյին

Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բանակցությունների հարցում Հայաստանի մոտեցումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացված սադրանքը ցույց է տալիս, որ ադրբեջանցիների միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում Լուիս Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԽ քարտուղարն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:
Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։