ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը:
Հայտնել էինք, որ ծնողները Քննչական կոմիտեի առջև 24 ժամով նստացույց են սկսել։ Նրանք պահանջում են, որ պատժեն 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից իրենց բերման ենթարկած ոստիկաններին։ Անկախության օրը զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։
Ծնողները հայտնեցին, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը քիչ առաջ լքել է շենքը` այդպես էլ իրենց հետ որևէ կոնտակտի դուրս չգալով։ «Ամոթ» վանկարկումներով ծնողները «ճանապարհեցին» ՔԿ նախագահին։ Տեղում, ի դեպ, ոստիկանական մեծ ուժեր են բերվել։
Տեղում են «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ, նրանք զրուցում են ծնողների հետ։
Հիշեցնենք, որ ակցիա անող ծնողները հայտարարել էին` եթե 24 ժամի ընթացքում որևէ ոստիկանի մեղադրանք չառաջադրվի, ապա կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին և նոր պահանջ կներկայացնեն։