ԶՊՄԿ-ի պահնորդի դին հայտնաբերվել է շարժական տնակի դիմաց. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները. արխիվային լուսանկար
Ըստ ՔԿ–ի` տնակում երկփողանի հրացան է հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ընկերության 56-ամյա աշխատակցի դին հայտնաբերվել է ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով հայտնաբերվել է ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։
ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության գործով ադրբեջանցիների մասնակցության վարկած չի դիտարկվում. ՔԿ
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք` սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ Հայրապետ Մելիքսեթյանն է։