ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ոստիկանությունում նախատեսվում է ներդնել ծառայողների ատեստավորման նոր համակարգ։
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով այս հարցը քննարկվելու է 24–ժամյա ռեժիմում։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց այս որոշմանը։
Երեկ տեղի ունեցած ԱԺ նիստում ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ այս փոփոխությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ծառայության գրավչությունը, ինչպես նաև որակյալ և բարեվարք կադրերին տրամադրել սոցիալական ավելի բարձր երաշխիքների փաթեթ, մասնավորապես` հավելավճարի հաշվարկման։
Սարգսյանը նաև շեշտել էր, որ 3 տարում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն են ունենալու մասնակցել ատեստավորման պրոցեսին։ Ատեստացիան հաջող անցնելու դեպքում ոստիկանության ծառայողները կստանան ավելի բարձր հավելավճար։