Տեղ գյուղի դեպքը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր. Միրզոյան

Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Նախարարը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել հայկական կողմի մոտեցումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սյունիքի Տեղ գյուղի դեպքը Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ հեռախոսազրույցում, հայտնում են նախարարությունից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների:
«Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։