ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում ապրիլի 13-ին հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը գրաված չինացի Դին Լիրենն անցկացրին չորրորդ պարտիան։
Սպիտակ ֆիգուրներով խաղաց Դին Լիրենը և մրցակցին ստիպեց ընդունել պարտությունը 47-րդ քայլին։
Ընդհանուր հաշիվը հավասարվեց՝ 2:2: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի, երկրորդ պարտիայում Նեպոմնյաշչին սև ֆիգուրներով հասել էր հաղթանակի, երրորդ պարտիայում կողմերը համաձայնել էին ոչ ոքի արդյունքի։
Հիշեցնենք՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հայտարարությունից հետո, որ չի պաշտպանի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, շախմատային թագին հավակնում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու հավակնորդների մրցաշարում 2-րդ հորիզոնականը գրաված չինացի գրոսմայստեր Դին Լիրենը։