ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Այսօր կայացել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերի Գրիգոր Սաղաթելյանի հոր` Սեյրան Սաղաթելյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ մինչ այդ Լիոնի քաղաքապետը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։
Վերջինս Լիոնի պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։
«Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին՝ փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում:
Այս համատեքստում նա ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
Նախարարի տեղակալը կարևորել է նաև Երևանի և Լիոնի միջև առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը։
Երկուստեք առանձնակի կարևորվել է Երևանի և Լիոնի, ՀՀ և Լիոն մետրոպոլիայի համայնքների միջև համատեղ ծրագրերի իրագործումը, մասնավորապես տնտեսական ոլորտում: